AM
23 Մարտ 2013 - 06:43 AMT

Հասմիկ Պողոսյանը այցելել է Թբիլիսիում գործող «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելել և մասնակցել է մի շարք մշակութային և համայնքային միջոցառումների: Այցելության առաջին օրը Պողոսյանը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի առաջին տեղակալ Մարինե Միզանդարին եղել են Թբիլիսիում գործող «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան:

Այն յուրահատուկ հայկական մշակութային օջախ է, որի պատմությունը սկիզբ է առնում 1992 թվականից: 1993 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ թատրոնը հանրության դատին ներկայացրել է առաջին ներկայացման պրեմիերան, այս տուն են այցելել բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետներ, պաշտոնատար անձինք, դիվանագիտական կազմի, բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Դավթյան ընտանիքը 9 մարիոնետներով ներկայացում է ցուցադրել հյուրերի համար:

Պողոսյանը թատրոնի ներկայացումները Հայաստանում ցուցադրելու աջակցության պատրաստակամություն է հայտնել, իսկ Վրաստանի փոխնախարար Մարինե Միզանդարին խոստացել է մոտ ապագայում անդրադառնալ թատրոնին կոնկրետ թիրախային աջակցություն տրամադրելու հարցին: