Մարտի 26-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվելու է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը: Ցուցադրությունն առաջին անգամ ի հայտ է բերում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում, ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի: Այն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ և կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ:
«Արվեստագետի գլխավոր թեման մարդն է»,-նշում էր Հակոբ Հակոբյանը: Սա է այն հիմնական ստեղծագործական սկզբունքը, որը տասնամյակներ շարունակ առաջնորդել է Վարպետին իր աշխատանքներում: Շուրջ քառասուն տարի աշխատելով վրձնով՝ անցյալ դարի 80-ական թվականներին Հակոբյանը հայացքն ուղղեց դեպի քանդակի աշխարհը: Աշխատանքային գործիքների մարդակերպ և կենդանակերպ համադրումները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին որպես կտավների նոր բնակիչների նախակերպեր, աստիճանաբար սկսեցին ընկալվել որպես առանձին քանդակներ: Հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումները ծնունդ տվեցին հակոբյանական նոր կերպարներին:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնից հայտնում են, որ ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 26-ը: Մուտքն անվճար է:






