Թատերական Online մրցանակաբաշխության շուրջ խոսակցություններն անդադար էին: Բոլորը անհամբեր սպասում էին մրցանակաբաշխությանը, որը խոստացել էր լինել նախորդից բավականին տարբերվող:
Մարտի 26-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Online մրցանակաբաշխության մամուլի ասուլիսը, որին անմիջապես հաջորդեց մրցանակների հանձնման արարողությունը:
Օրը պատահական չէր ընտրված. «Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` որոշեցինք մրցանակաբաշխությունն անել մարտի 26-ին»,-մամուլի ասուլիսի ժամանակ նշեց մրցանակաբաշխության ադմինիստրատոր Նարեկ Մանուչարյանը: Ինչպես նշեցին կայքի մրցանակաբաշխության հիմնադիր Ֆրունզե Գևորգյանը և մամուլի քարտուղար Լիլիթ Տերտերյանը, այս անգամ մրցանակաբաշխության կանոնների մեջ որոշ փոփոխություններ են մտցվել. այս տարի մեկ IP-ից հնարավոր էր քվեարկել մեկ անգամ, քվեարկությունը փակ էր, որն ավելի էր հետաքրքրություն առաջացրել, ի տարբերություն անցած տարվա մրցանակաբաշխության` այս տարի անվանակարգերը 13-ն էին 10-ի փոխարեն, իսկ «Տարվա Online թատերական քննադատ» անվանակարգը վերանվանվել էր` դառնալով «Տարվա Online մշակութային լրագրող»: Մրցանակաբաշխության մասնակիցները պատահական չէին ընտրվել. նրանք թատերական այն գործիչներն էին, ովքեր 2012 թվականին Online տիրույթում ամենաշատն էին ակտիվ եղել: Քվեարկությունը սկսվել էր փետրվարի 20-ին, ավարտվել մարտի 15-ին:
Ասուլիսից հետո սկսվեց մրցանակների հանձնման արարողությունը, որը վարում էին դերասաններ Հարություն Անդոյանն ու Ալլա Բունիաթյանը: Միջոցառումը սկսվեց անսովոր կերպով, հաղորդավարները միմյանց հետ սկզբից շփվում էին վիրտուալ հարթակում` Skype-ով, որից հետո Online տիրույթից անցան իրական հարթակ: Մրցանակաբաշխության ընթացքում հյուրերին հետաքրքիր անակնկալ մատուցվեց` հումորային հոլովակի տեսքով:Իսկ ովքե՞ր 13 անվանակարգերի հաղթողները, ներկայացնում ենք ստորև:
Տարվա Online թատրոն – Գյումրու պետական դրամատիկական թատրոն
Տարվա Online թատերախումբ – «Էպսիդոն»
Տարվա Online փառատոն – Մնջախաղի միջազգային փառատոն
Տարվա Online մշակութային լրագրող – Մանանա Հովակիմյան
Տարվա Online հարմարեցված պիես – «Հացի խնդիրը»
Տարվա Online բեմանկարիչ – Տաթև Հարությունյան
Տարվա Online մանկական ներկայացում – «Մաշայի և արջի արկածները»
Տարվա Online պարային-երաժշտական ներկայացում – «Կյանքի 5 տարրերը»
Տարվա Online ներկայացում – «Հացի խնդիրը»
Տարվա Online պրոդյուսեր – Տիգրան Վիրաբյան
Տարվա Online բեմադրող ռեժիսոր – Նարինե Գրիգորյան
Տարվա Online դերասանուհի – Տաթև Ղազարյան
Տարվա Online դերասան – Արմեն Մարգարյան
Տպավորիչ էր հատկապես «Տարվա Online դերասան» անվանակարգի հաղթողին հայտարարելու հատվածը: Անվանակարգի հաղթողին պետք է հայտարարեր անցած տարվա այդ անվանակարգում հաղթող Արմեն Մարգարյանը: Արմենին բեմ հրավիրեցին, նա բացեց ծրարը և անսպասելիությունից չկարողացավ ոչինչ ասել. ծրարում գրված էր հենց իր անունը: Միջոցառման ավարտից հետո հյուրերին սպասվում էր հյուրասիրություն:
Նշենք, որ այս նախագծի նպատակն է հասարակությանը ներկայացնել և լուսաբանել հայկական թատրոնը, լսարանին հնարավորություն տալ ճանաչելու հայ թատերական գործիչներին և այն մարդկանց, ովքեր որևէ կերպ առնչվում են թատրոնի հետ: Ինչպես իրենց խոսքում նշեցին մրցանակաբաշխության կազմակերպիչները, մրցանակաբաշխությունը կկրի շարունակական բնույթ, ասվում է Թատրոն. Ինֆոյի հաղորդագրության մեջ:






