Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հարցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և ավելացրեց, որ միանձնյա կարծիք չի կարող հայտնել:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է, ապա, ըստ Տիգրան Ուրիխանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ է նկատել: «ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է, բայց այդ ճշմարտության պահը ստեղծման առաջին իսկ օրվանից է»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Անդրադառնալով վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ ներկայացուցիչների լարված հարաբերություններին և հայտարարությունների «փոխհրաձգությանը», Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ԲՀԿ ներկայացուցիչները խոսել են միայն իրավական ձևակերպումների տեսքով, իսկ ՀՀԿ-ի գործողությունները խոսում են այն մասին, որ ասելու ոչինչ չկա:






