Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հացադուլի ժամանակ այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրան երկու խորհուրդ է տվել` հետևի իր առողջությանն ու այնպես անի, որ հանկարծ ժողովրդի արյունը չթափվի:
«Րաֆֆին սխալ ճանապարհի վրա է: Համաշխարհային ինչ-որ երևույթներ կան, որոնք Հայաստանում վարկաբեկվում են: Հիմա էլ վարկաբեկվեց հացադուլը: Հացադուլն այնպիսի բան է, որ երկու ճանապարհ ունես` կամ-կամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրի գլխավոր կոմունիստը:
Ռուբեն Թովմասյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ շատ լավ ստարտ էր ստացվել, ուղղակի նա ճիշտ ուղով չտարավ: Ըստ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի` պետք է համաժողովրդական ալիք բարձրանա, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, ճնշում գործադրի ու փոխի իշխանությունը:






