Ապրիլի 6-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում, Արցախի հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, տեղի կունենա երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Կարոտ»-ը երգչի առաջին ձայնասկավառակն է: Այն թողարկվել է Մոսկվայում, երգերը ձայնագրվել են Երևանում: Ձայնասկավառակում տեղ են գտել հայ կոմպոզիտորների (Ռ. Մելիքյան, Է. Աբրահամյան, Ա. Բաբաջանյան, Ռ. Պետրոսյան, Վ. Կոտոյան, Ա. Սաթյան, Գ. Արմենյան, Ա. Հեքիմյան, Կ. Օրբելյան, Գ. Չթչյան և Ռ. Ամիրխանյան) 12 ստեղծագործություններ` ռոմանսներ և երգեր, որոնք ներկայացվում են ժամանակակից գործիքավորմամբ և երգչի յուրօրինակ նոր մեկնաբանությամբ: Ձայնասկավառակի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում: Ձայնասկավառակի շնորհանդեսներ կկազմակերպվեն նաև Թբիլիսիում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում:
Սար Սարգսյանը «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է։ Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրին՝ «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու համար: Մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում և Չինաստանում:






