Ապրիլի 6-ին Ստրասբուրգի քաղաքային երաժշտության դահլիճում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Ֆրանսիայում սահմանափակ կարողությունների տեր երեխաներին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Արմեն Պապիկյանը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաև Ստրասբուրգի իշխանություններին` համերգի կազմակերպման գործում ցուցաբերած և մարդասիրական այս ակցիային ակտիվ և հետևողական մասնակցության համար:
Հայ անվանի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Դվորժակի, Ելգարի, Էդվարդ Միրզոյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգին ներկա էին ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին իր մասնակցությունը բերեց հայտնի դաշնակահար Իգոր Չետուևը:






