Իսրայելի Բեեր-Շեւա քաղաքում ավարտվեց Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Առանցքային խաղը Ռուսաստանի եւ Չինաստանի (տղ) հավաքականների միջեւ մենամարտն էր, որտեղ որոշվում էր առաջին տեղի ճակատագիրը:
Հիշեցնենք, որ դրանից մեկ փուլ առաջ Չինաստանի տղամարդկանց հավաքականի ընթացքը, որն մինչ այդ չուներ ոչ մի պարտություն, կասեցրեց Հայաստանի հավաքականը` այդպիսով հնարավորություն տալով Ռուսաստանի հավաքականին պայքարել ուժեղագույնի տիտղոսի համար: Ռուս շախմատիստները փոքրիկ հրաշք գործեցին, 3,5:0,5 հաշվով ջախջախելով չինացիներին, եւ դարձան շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Երրորդ տեղը գրավեց Հայաստանի հավաքականը, որն ոչ ոքի խաղաց Կուբայի հավաքականի հետ` 2:2:
Նշենք, որ մեր հավաքականը ընդհանուր առմամբ լավ խաղաց, տանուլ տալով միայն չեմպիոններին, սակայն 3 անգամ ոչ ոքի խաղաց առաջնության աուտսայդերների հետ: Եզրափակիչ փուլի մյուս խաղերը. Իսրայել-ԱՄՆ` 1,5:2,5, Վրաստան-Ուկրաինա` 1,5:2,5:
Մրցաշարի արդյունքները`
1.Ռուսաստան` 22 միավոր
2.Չինաստան (տղամարդիկ)` 21,5
3.Հայաստան` 18,5
4.Ուկրաինա` 17,5
5.ԱՄՆ` 16,5
6.Իսրայել` 14,5
7.Վրաստան` 13,5
8.Կուբա` 13
9.Չինաստան (կանայք)` 6,5