AM
10 Ապրիլ 2013 - 05:43 AMT

Մայիսի 3-13-ը ՀՀ-ում և Արցախում կանցկացվի «Այվազյանական թատերական փառատոնը»

Մայիսի 3-13-ը տեղի կունենա «Այվազյանական թատերական փառատոնը»: Փառատոնի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնել ժամանակակից հայ մեծանուն դրամատուրգ Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները` նպաստելով այդ ստեղծագործությունների տարածմանը:

Փառատոնի ձևաչափը մրցութային է: Սա նշանակում է, որ փառատոնի մասնակիցները պայքարելու են տարվա լավագույն ներկայացում, լավագույն բեմադրիչ, լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերին արժանանալու համար:

Նշենք, որ «Այվազյանական փառատոնն» առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին: Ներկայացումները հնարավոր կլինի դիտել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում, Երևանի ուսումնական թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Այվազյանական թատերական փառատոնի» ժյուրիի կազմում ընդգրկված են Լևոն Մութաֆյանը, Կարինե Խոդիկյանը, Սոնա Մելոյանը, Ալիս Հովհաննիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, Անի Փաշայանը, Գոռ Մարգարյանը: Փառատոնի նախագահն է Գրետա Վերդիյանը: