Ապրիլի 11-ին ժամը 15:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Քաղաքը և վայրի բնությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված դպրոցականների համար:
Ծրագիրն իրականացվում է «Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում և կծանոթանան ցուցադրված ստեղծագործություններին:
Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում: Այստեղ դպրոցականները հնարավորություն կստանան քննարկելու բնապահպանական խնդիրները, մարդու և բնության մեկուսացման պատճառները: Վերջում երեխաները կստեղծեն թեմատիկ աշխատանքներ:
«Ծրագրի նպատակն է երեխաներին իրազեկել շրջակա միջավայրի եւ բնապահպանական խնդիրների մասին, ինչպես նաեւ գտնել դրանց հնարավոր լուծումները ստեղծագործական միջավայրում»,- մեկնաբանեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ծրագիրն իրականացվում է «Վայրի բնության և մշակութային արժեքների» հիմնադրամի հետ համատեղ:






