Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դիպակ Օբրայը նշել է, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը և խնդրել է ՀՀ Նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում ու վերջին շրջանում նկատվող շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում երկկողմ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյան ու Դիպակ Օբրայը քննարկել են հայ-կանադական օրակարգային հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:






