Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև համատեղ կինոարտադրության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Ինչպես հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հիմնական պայման է հանդիսանում այն, որ նախագծի մասնակիցները լինեն նշված երկու պետությունների քաղաքացիներ կամ ռեզիդենտներ վերջին 5 տարվա ընթացքում: Բացի այդ, նախատեսվում է համագործակցել նաև մասնագետների պատրաստման գծով: Հայկական կողմն այս նախագծում կներկայացնի Ազգային կինոկենտրոնը:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը հետաքրքվել է, թե երբ կսկսվեն առաջին ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախարարը պատասխանել է, որ արդեն կա 4 ֆիլմ, որ նկարահանվել է այս նախագծի շրջանակներում, այդ թվում Փարաջանովի մասին պատմող «Փարաջանով՝գեղեցիկի սիրահարրը» ֆիլմը 4 երկրների մասնակցությամբ՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի ու Վրաստանի: