Հուշարձանների և տեսարաժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի «Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 հնագիտական վայրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 100-ից ավելի հնագիտական առարկաներ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից տեղեկացնում են, որ ցուցահանդեսում ներկայացված պեղածոներից շատերը թեև ժամանակագրորեն դրվում են ուրարտական մշակույթի կողքին և կրում են այդ մշակույթի ազդեցությունը, սակայն ակնհայտորեն Ուրարտու չեն և Հայկական լեռնաշխարհի տեղական մշակույթի իրեղեն վկայություններ են (Կերեն` Ք. ա. 9-5դդ., Կարկառ` Ք. ա. 7-6դդ. ): Տիգրանակերտ – Շուշի – Հանդաբերդ հետախուզական երթուղին, որով տասնամյակ առաջ անցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը, բացահայտեց ոչ միայն Արցախի Տիգրանակերտը, այլ նաև Արցախ աշխարհի հայկականությունը փաստող անհերքելի այլ ապացույցներ: Կարկառի պեղումները խոստանում են բնակատեղիին վերագրել գուցեև նույն նշանակությունը, ինչ այսօր Երևան մայրաքաղաքի համար ունի Էրեբունին:
Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ գործընկերությամբ: Ցուցահանդեսը իրականացվել է Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում և նվիրվում է ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան :






