Գերմանա-հայկական երաժշտական միությունը մայիսի 3-9-ը Երևանում կազմակերպում է ջութակի վարպետության դասընթացներ: Դասընթացը վարում է Գերմանիայի Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդան:
Վարպետության դասընթացի նպատակն է երաժիշտ-կատարողների մասնագիտական աճի խթանումը, ինչպես նաև երիտասարդ ջութակահարների նախապատրաստումը առաջիկա ստուգատեսներին՝ համերգների, մրցույթների, քննությունների: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դասընթացի ընթացքում մասնակիցներին կնվագակցի անվանի դաշնակահար Վալտեր Դելահունթը: Դասընթացը կանցկացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և բաց կլինի ազատ ունկնդիրների համար: Մասնակցության ծրագիրն ազատ է: Դասընթացի բոլոր մասնակիցները կստանան ավարտական վկայական, իսկ լավագույն մասնակիցները՝ Պիրաստրո ֆիրմայի ջութակի լարերի հավաքածու:
Մայիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դասընթացի շրջանակում տեղի կունենա համերգ՝ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի, դաշնակահար Վալտեր Դելահունթի, ինչպես նաև Անի Աղաբեկյանի (ջութակ), Վաչե Հովեյանի (ալտ) և Լևոն Առաքելյանի (թավջութակ) մասնակցությամբ:
Եզրափակիչ համերգը կկայանա մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ դասընթացների լավագույն մասնակիցների մասնակցությամբ: Բացման և եզրափակիչ համերգների մուտքն ազատ է:
Նշենք, որ Գերմանա-հայկական երաժշտական միությունը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին, Կարլսռուհե քաղաքում՝ ջութակահար Անի Աղաբեկյանի նախաձեռնությամբ: Միության նպատակն է Հայաստանում և արտերկրում ներկայացնել հայկական երաժշտությունը, աջակցել հայ երաժիշտներին և կոմպոզիտորներին:






