Նախագահական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բնութագրում է որպես թվացյալ անհանգիստ ու անհանդուրժող է, իսկ իրականում բավական հանգիստ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ անհանգստանալու խնդիր չկա անկախ նրանից, թե ինչ միջոցառումներ են տեղի ունենում Ազատության հրապարակում: Նա կարծում է, որ քննադատությունը, որ հնչում է իշխանության և ընդդիմության հասցեին, մի քիչ չափազանցված է:
Հայաստանի ներքին կյանքում մոտակա երկու տարիներին Գառնիկ Իսագուլյանը որևէ շուրջ քաղաքական զարգացում չի կանխատեսում: «Լուրջ ներքաղաքական գործընթացներ կսկսվեն 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո»,- հայտարարեց նա` չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի: «Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությանը լուրջ խնդիրներ է առաջադրում իշխանությանը: Եթե չլինեն շատ լուրջ փոփոխություններ, կլինի հեղափոխություն ներքևից: Երկու տարի ունեն: Իշխանությունները պարտավոր են քայլեր անել տնտեսության, սոցիալական ոլորտներում, հեղափոխական մոտեցում ձևավորել»,- ասաց նա: Ըստ Գառնիկ Իսագուլյանի` ընդդիմությունը ևս անելիքներ ունի, պետք է վեր կանգնի ամբիցիաներից ու ընդհանուր խնդիր դնի իր առաջ:






