AM
17 Ապրիլ 2013 - 08:14 AMT

Թյորբյորն Յագլանդ. ԵԽ-ն Հայաստանից մեծ ակնկալիքներ ունի

2013 թվականի մայիսի 16-ին Հյաաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչից խորհուրդը մեծ ակնկալիքներ ունի:

Այսօր ԱԳ նախարարությունում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդն ասաց, որ խորհուրդը կարևորում է Հայաստանի նախագահությունը և նշեց այն հիմնական մարտահրավերները, որոնք անհանգստացնում են և որոնց ուղղությամբ պետք է աշխատել:

«Հիմանական մարտահրավերը կոռուպցիան, հարկերից խուսափելը, փողերի լվացումն ու թրաֆիքինգն են: Սրանք իրական վտանգներ են, որոնք խարխլում են մարդկանց հավատը քաղաքական համակարգի հանդեպ»,- ասաց Թյորբյորն Յագլանդը:

Նա ընդգծեց, որ եվրոպական երկրների անվտանգությունը ոչ թե դրսից է խաթարվում, այլ ներսից, և պատճառը հավատի բացակայությունն է:

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն առանձնացրեց նաև փոքրամասնությունների խնդիրը, մարդատյացություն և ատելություն սերմանող հայտարարությունները՝ նշելով, որ դրանք անթույլատրելի են: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում Եվրոպայի խորհուրդը առաջընթաց կարձանագրի: