AM
17 Ապրիլ 2013 - 10:14 AMT

Ր.Հովհաննիսյանի հրավիրած հանդիպմանը հետագա գործողությունների մասին փաստաթուղթ է ստորագրվելու

«Անի» հյուրանոցում ապրիլի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանդիպմանը ստորագրվելու է բողոքի շարժման հետագա գործողությունների վերաբերյալ փաստաթուղթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նա նաև հայտնեց, որ հանդիպումը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք պատրաստ են մի կողմ դնել իրենց կուսակցական նպատակներն ու միավորվել Նոր Հայաստանի ստեղծման գաղափարի շուրջ: Զարուհի Փոստանջյանը կարևորեց քաղաքացիական ակտիվիստների մասնակցությունը: Կրկին հայտարարվելու է, որ իրենք խզում են կապերը ընտրությունների արդյունքները կեղծած իշխանությունների հետ:

Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելու բոլոր հնարավորությունները վերացել են: «Մենք ունենք հաղթող քաղաքացիներ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ «Նոր Հայաստանի» ստեղծման գործում: Այլևս իշխանությանը զիջումներ չեն արվելու, և բոլոր քաղաքացիները լինելու են Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտպանության ներքո»,- եզրափակեց «Ժառանգության» ներկայացուցիչը: