Նախ Հայկ նահապետի արձանը, հետո Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն»-ը, հիմա էլ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» արձանախումբն է թալանվել:
Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Շահբազյանը երեկ իր էջում տեղադրել է «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված «Լեռնային պար» արձանախմբի լուսանկարը: Ավելի ճիշտ՝ այն ինչ մնացել է դրանից:
Արձանախումբն արդեն երկար ժամանակ է՝ տեղադրված էր «Դվին» հյուրանոցի տարածքում, մի տեղ, որտեղ քաղաքացիներն այն տեսնելու հնարավորություն չունեին:
Նախորդ տարի մի խումբ արվեստագետներ, այդ թվում՝ արձանի հեղինակ Տիգրան Արզումանյանը, դիմել էին քաղաքապետին՝ խնդրելով տեղափոխել արձանախումբը: Արվեստագետների կոչից հետո, ըստ քաղաքապետարանի հաղորդագրությունների, Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քննարկել և առաջարկություն ներկայացնել «Դվին» շարձանախմբի տեղափոխման հետ կապված: Ինչպես արդեն պարզ է, տարին անցել է, իսկ առաջարկությունը այդպես է չի եղել, արդյունքում, քաղաքապետարանի առաջարկույունն այսօր արդեն իմաստ չունի:
Նախորդ տարի, երբ թալանվել էր Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն»-ը, Մշակույթի նախարարությունից մեզ հավաստիացնում էին, որ թալանված արձանների հարցը դրված է օրակարգում և հենց ֆինանսական միջոցներ գտնվեն դրանք կվերականգնվեն:
Կասկած չկա, որ նույն պատասխանը նաև այս արձանին է վերաբերելու:
Իսկ ինչ վերաբերում է Հայկ նահապետի արձանին, բոլորն են հիշում, որ դրա շրջակայքը լուսավորվեց միայն այն բանից հետո, երբ այն մի քանի անգամ թալանվել էր:






