Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երեկ ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումը: Նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացրել են «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը: Նվագախումբը կատարել է հոլիվուդյան սիրված ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերի բնակչությանը։ «Hollywood Non-Stop»-ն արդեն իսկ ներկայացվել է Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, և այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել նվագախմբի ելույթները։ Սերգեյ Սմբատյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե դասական երաժշտություն քիչ են լսում։ Մարդիկ սիրում են դասական երաժշտությունը, դրա կարիքն ունեն, պարզապես պետք է գտնել մատչելի ձևաչափ` այն ավելի ճիշտ ներկայացնելու, հասանելի ու սիրելի դարձնելու համար։
Արտաշատի հանդիսատեսին ողջունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան։ Նա բարձր է գնահատել ՀՊԵՆ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այս մշակութային փոխանակման ծրագրի միջոցով հայ հանդիսատեսին է ներկայացվում ամերիկյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, բացի այդ, սա նաև մեծ հնարավորություն է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար ներկայացնելու իրենց հմտությունները։
Ավելացնենք, որ «Hollywood Non-Stop» նախագծի մեկնարկը տրվել է 2012թ. մարտի 15-ին։ 2012-ի ընթացքում այն ներկայացվել է Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նախագիծը նվիրված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին։ «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրն առաջիկայում կներկայացվի նաև հանրապետության այլ քաղաքներում։ Այս մասին հայտնում են Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից:






