Երևանի քաղաքապետարանը իր մտահոգությունն է հայտնում «Լեռնային պար» հուշարձանի վնասվելու առնչությամբ: Հաշվի առնելով, որ քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից արձանախումբը ժամանակին չի տեղափոխվել, «քանի որ քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնային պար»-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին»:
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ: Հիշեցնենք, որ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար»-ը արձանախումբը, որը տեղադրված էր «Դվին» հյուրանոցի տարածքում, թալանվել է:






