AM
20 Ապրիլ 2013 - 11:32 AMT

«Սառցակոմբինատ». Հարցը կրկին քննարկվելու է. շինարարական աշխատանքներում շեղումներ կան

«Սառցակոմբինատ» հուշարձան-շենքի վերականգնման և ուժեղացման աշխատանքների իրականացման համար Մշակույթի նախարարությունը առաջարկել է կատարել լրացուցիչ հետազոտական աշխատանք և դրա հիման վրա մշակել նախագիծ, որը սահմանված կարգով կներկայացվի և կքննարկվի նախարարությունում: Այս մասին ի պատասխան PanARMENIAN.Net-ի հարցման, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից:

«ՀՀ մշակույթի նախարարությունը հաշվի առնելով 2008 թ. համաձայնեցված «Սառցակոմբինատ» հուշարձան-շենքի վերակառուցման նախագիծը և այդ ընթացքում օրեսդրության փոփոխությունները, ինչպես նաև բացահայտված շինարարական աշխատանքների շեղումները, որոշել է հարցը կրկին ներկայացնել մասնագիտական քննարկման: Նախարարությունը 2013 թ. մարտի 13-ին գրությամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով դադարեցնել շինարարական աշխատանքները:

Տեղեկացնում ենք, որ Սառցակոմբինատի շենքի սեփականատիրոջ ներկայացուցչին հայտնել ենք ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումը հարցի կապակցությամբ և ծանոթացրել Երևանի քաղաքապետարանին ուղղված վերոնշյալ գրության հետ:

Միաժամանակ, հարցի քննարկման արդյունքում շենքի վերականգնման և ուժեղացման աշխատանքների իրականացման համար առաջարկել ենք կատարել լրացուցիչ հետազոտման աշխատանքներ և դրա հիման վրա մշակել նախագիծ, որը սահմանված կարգով կներկայացվի և կքննարկվի նախարարությունում»,-ասված է նախարարության պատասխան գրությամն մեջ:

Հիշեցնենք, որ 1950 թվականին ճարտարապես Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված և 2004 թվականի կառավարության N 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ներառված շենքի վրա պատուհաններ են տեղադրվել, որոնք առայժմ ամրացված չեն:

Հավելենք նաև, որ շենքի վրա պատուհաններ բացելու թույլտվությունը «ՖՖԱ Ինվեստմենտ» ՍՊԸ-ն ստացել է դեռ 2008 թվականին: