AM
20 Ապրիլ 2013 - 12:09 AMT

Չգրանցված «Նոր Հայաստան» կուսակցության 400 անդամները միացան ՕԵԿ-ին

Այդպես էլ չգրանցված «Նոր Հայաստան» կուսակցության 400 անդամները միացան «Օրինաց երկիր» կուսակցությանը։ «Նոր Հայաստանն» այսօր արտահերթ համագումար էր գումարել, որի ժամանակ էլ կայացվեց որոշումը: Համագումարին ներկա էին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Նոր Հայաստան» կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը մերժել է գրանցել «Նոր Հայաստան» կուսակցությունը, սակայն դա պատճառ չէ ընկճվելու համար, և իրենց թիմը հաստատակամ է շարունակել քաղաքական գործունեությունը: Նա նաև տեղեկացրեց, որ ՕԵԿ-ին միանալու առաջարկն արել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր հերթին ասաց, որ պետք է հնարավորություն տրվի երիտասարդներին քաղաքակիրթ պայքարով հարթել ճանապարհ դեպի մի ապագա, որտեղ իրենք ուզում են իրենց տեսնել: