AM
20 Ապրիլ 2013 - 13:36 AMT

Քաշաթաղի պատմամշակութային կոթողները վտանգված են

Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրապ Ըռքոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Քաշաթաղի շրջանում գտնվող մի շարք պատմամշակութային կոթողներ այսօր բարվոք վիճակում չեն և պահպանության կարիք ունեն:

«Շրջանում կան հազարավոր պատմական հուշարձաններ, որոնք ամենալավ վավերագրերն են տարածքը հայկական լինելու մասին, և մեր պահանջն է, որ գոնե ամրացվեն դրանք, բայց հիմա ոչինչ չի արվում»,- ասաց նա:

Առավել վատ վիճակում գտնվող հուշարձաններից Զոհրապ Ըռքոյանն առանձնացրել է Մկնատամի խաչը, 9–րդ դարից պահպանված Վարազգոմի վանքը, որոնք բացառիկ կառույցներ են և պետք է վերականգնվեն:

«Պետք է գոնե ամրացվեն այդ շինությունները, բացի դրանից կան 18–րդ դարի եկեղեցիներ, որոնք նույնպես ունեն նորոգման կարիք, կան նաև ժայռափոր եկեղեցիներ, որոնց համար ընդամենը փոքր ծավալի ներդրումներ են պետք»: