«1960 թ. Երևան քաղաքի մուտքի նախագծման պատվերը ստացել էր «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը, որը՝ նախագծելով բետոնե կամար, հրավիրել էր ինձ իմ կարծիքն իմանալու համար։ Ես ասացի իրեն, որ Թիֆլիսում որպես քաղաքի մուտք արդեն կառուցել են կամար և չարժի, որ մենք կրկնենք։ Սպարտակը ջղայնացավ և ասաց. «դե, նստիր և ինքդ ավելի լավ բան նախագծիր»։ Ես նստեցի և 15 րոպեում նկարեցի «Ճայը» և ասացի. «թե հավանում ես, արա»։ Այն ժամանակ ինձ խորհուրդ տալու համար հրավիրում էին երեք ինստիտուտ՝ «Երևաննախագիծ», ՀայԱրդՆախագիծ և ՀայՊետՆախագիծ։ Անցավ մի քանի օր, ինձ զանգեց բաժնի պետ Հովհաննես Հակոբյանը և ասաց, որ ուղարկում է մի երիտասարդի ինձ օգնելու համար, որ վաղը «Ճայի» հեռանկարը պետք է ներկայացնեն գլխ. ճարտարապետ Էդուարդ Սարապյանին։
Ես ամբողջ գիշեր կատարեցի այդ հեռանկարը (այն հիմա ցուցադրվում է իմ թանգարանում) և առավոտյան երիտասարդի հետ ուղարկեցի Հ.Հակոբյանին։ Մի քանի օր անց ես Մոսկվա կինոթատրոնի մոտ հանդիպեցի Սպարտակին, որն իմ ձեռքը սեղմեց՝ ասելով, որ իմ նախագծած Երևանի մուտքի մասին Էդուարդն ասել է, թե «այս Չայկան» էլ կառուցենք («Չայկա» անունը դրել է ինքը՝ Էդուարդ Սարապյանը)։ Դրանից մի քանի օր հետո ինձ զանգեց Հ.Հակոբյանը և ջղայնանալով հարցրեց, թե ուր եմ կորել. Շտապ պետք է ներկայացնենք նախագծերը Երևանի քաղաքապետարանին «Չայկան» կառուցելու համար։ Ես պատասխանեցի, որ այդ գործը Սպարտակ Կնտեխցյանինն է, թող ինքն էլ նախագծի, ինքը պատասխանեց, որ Սպարտակը հրաժարվում է։ Ես գնացի Երևաննախագիծ և կոնստրուկտոր Լենա Գրիգորյանի հետ արեցինք նախագծերը։ Սպարտակը հրաժարվեց հեղինակությունից։ Այն ժամանակ ղեկավարները ստորագրում էին և հեղինակներ դառնում իրենց աշխատողների այն նախագծերի տակ, որը իրենց դուրը գալիս էր։ Հ.Հակոբյանը խառնվեց այդ գործին և առանց ինձ և Լենա Գրիգորյանին ասելու, մինչև նախագծերը հանձնելն իր ստորագրությունն էր դրել նախագծի տակ։ Ես և Լենա Գրիգորյանը մի կերպ ազատվում ենք իր կպչումներից։ Այդ միջադեպից հետո Հ.Հակոբյանը տարիներ շարունակ սկսում է ինձ ամենուր վարկաբեկել։

(«Ճայի» այս նկարը Վանիկ Խաչատուրյանի անձնական արխիվից է)
1974 թ. ես խնդրեցի Սպարտակին, որ ինքը գրավոր գրի, թե ովքեր են «Ճայի» հեղինակները։ Սպարտակը գրեց իմ անունը և Լենայինը՝ որպես կոնստրուկտոր։ Սպարտակ Կնտեխցյանի և Լենա Գրիգորյանի գրածներն իմ արխիվում են.
Սպարտակ Կնտեխցյան, ճարտարապետ
«Ես՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանս, 1960 թ. պատվեր եմ ստացել Թբիլիսյան խճուղուց դեպի Երևան տանող ճանապարհին նախագիծ անելու համար։ Նախագծի տարբերակը գծելով՝ ցույց եմ տվել այն Վանիկ Խաչատուրյանին, ով չհավանեց նախագիծն ու առաջարկեց իր տարբերակը, որն էլ կառուցվեց «Ճայ» անվան տակ։
Հովհաննես Հակոբյանը՝ լինելով խմբի ղեկավար, ստորագրվել է որպես նախագծի հեղինակ։
«Ճայը» նախագծել է Վանիկ Խաչատուրյանը, կոնստրուկտորը Լենա Գրիգորյանն է։»
Լենա Գրիգորյան, կոնստրուկտոր
«Երևան քաղաքի մուտքը Թբիլիսյան խճուղու վրա կառուցվել է 1960 թվ.-ին։ Ճարտարապետների կողմից կատարված նախագծերը պետք է ներկայացվեին գլխ. ճարտարապետ Է.Սապարյանին։ Վանիկ Խաչատուրյանը խորհուրդ է տալիս Ս.Կնտեխցյանին իր կողմից արած կամարի փոխարեն անել ավելի հետաքրքիր բան, Սպարտակը ջղայնանում և ասում է «ինքդ էլ արա»։ Վ.Խաչատուրյանը նստում է և նկարում «Չայկան»։ Նախագծերը ներկայացվում են գլխավոր ճարտարապետ Է.Սապարյանին, որոնց թվում և Վ.Խաչատուրյանի «Չայկան», որը ընդունվում է որպես ամենահաջողը։ Այդ նախագծի ինժեներա-կոնստրուկտորական մասը կատարվել է իմ կողմից, որի կատարման ընթացքում մասնակցել է Վ.Խաչատուրյանը, որպես հեղինակ։ Այդ հարցում Հ.Հակոբյանը ոչ մի մասնակցություն չի ունեցել, քանի որ նա չի եղել «Չայկայի» հեղինակը։
Այն ժամանակ հալածվում էին ինձ նման անկախ մտավորականները, բայց խրախուսվում էին հարմարվողները. այդպիսի գործունեությամբ զբաղվում էին Կարեն Բալյանի նմանները, որը միտումնավոր «Չայկայի» հեղինակությունը վերագրել է Հ.Հակոբյանին, քաջ իմանալով, որ հեղինակը ես եմ։ Երբ ես նկարում էի «Չայկայի» ձևը, մտքովս չէր անցնում, թե դա կարժանանա Կարեն Բալյանի բարձր գովասանքին, որոնք վերաբերվում են ինձ և Լենա Գրիգորյանին, այլ ոչ թե Հ.Հակոբյանին, ինչը և ներկայացնում եմ բոլորին…
Կարեն Բալյան, Ազատ ձևի ճարտարապետությունը
Ճարտարապետությունում առաջընթացի առաջին ծիծեռնակը, ազատ ձևի ճարտարապետության մոդելի ստեղծման սկիզբը դարձավ բետոնե կառուցվածքը՝ հսկայական ճանապարհամերձ «Ճայ» ինստալյացիան, որը տեղադրված է Երևանից Սևան տանող մայրուղուն։ «Ճայի» հեղինակը ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն է։ 1950-ականների վերջին, երբ հայկական ճարտարապետությունը հայտնվեց այսպես ասած անօգնական վիճակում, պրիմիտիվ, անհեռանկար ու օտարածին թվացող ճարտարապետական լեզվի առաջ, նա նոր տրամադրություն արտահայտելու երկաթբետոնե հսկայական հնարավորություններ տեսավ…
«Ճայի» մեջ նախ, ասես, արտահայտվել է ճարտարապետական աֆորիզմը՝ «բետոնն ազատ ձևի ճանապարհն է»։ Նա ուզում էր ասել, որ բետոնը գեղակերտ է ու կարող է թեթև լինել՝ կոչ անելով գործընկերներին չվերաբերվել դրան որպես քարի։ «Ուրախացեք բետոնի համար, այն ազատություն է տալիս, ձևեր փնտրելու ազատություն, ինքնարտահայտվելու ազատություն»։ «Ճայի» թևերը ասես թռիչք են, ճարտարապետական ձևի ինքնատիպ ազատում։ Արդեն շատ շուտ մենք կտեսնենք, թե ինչպես «Ճայի» թևերում արտացոլված ճարտարապետի մտքերին կարձագանքեն նրա գործընկերներն ու հայկական ճարտարապետությունը կբերեն վերջին (դեռևս) վերելքին։ Ի դեպ, Խրուշչովը խիստ քննադատել է «Ճայը» որպես քիչ արդյունավետ կառույց. «Ճայը» կառուցվել է 1960-ին, դրանից քիչ ժամանակ անց Խրուշչովն այցելել է Հայաստան։ «Ճայի» կառուցումը նախաձեռնել է Հայաստանի երիտասարդ ղեկավարությունը, որը եկավ XX համագումարից հետո ու լի էր հույսերով ու պատրանքներով։ Ազատ թռչունի թռիչքը խորհրդանշում էր այդ սպասումները։ Իսկ անել ինչ-որ ռադիկալ բան ավանդական-դասական Երևանում դեռ այդքան էլ հեշտ չէր՝ նախորդ տարիների բեռը չափազանց ծանր էր, «սև» ժամանակների արմատները՝ չափազանց խորը։ Բայց գրեթե 2-3 տարի անց սկսվեց Երևանի ունիկալ ու եզակի վերակառուցումը»։
15/10/2010թ. Հայաստան-Ռուսաստան գիտաժողովի զեկույցից
Հայաստանի ճարտարապետների միությունը պարտավոր է ցուցաբերի Կարեն Բալյանի և իր նմանների նկատմամբ իրենց բարոյական վերաբերմունքը արժեքավորելու համար։ Նույն Երևույթը արդեն 44 տարի կատարվում է Ծիծեռնակաբերդում կառուցած իմ «Մեծ Եղեռնու» հեղինակության հետ, այն դեպքում, որ «ՀայՊետՆախագիծ» ինստիտուտի տնօրեն Կորյուն Հակոբյանը մասնակցել է ինստիտուտի գաղտնի մրցույթին։ Հրամանով ձևակերպում են աշխատանքի որպես ճարտարապետական խմբի ղեկավար։ Գաղտնի բաժնում ինձ տալիս են Եղեռնու լուսանկարները (իմ արխիվում են)։ Ինձ խնդրում են, որ աշխատեմ այն ժամանակ երիտասարդ ճարտարապետներ Ա.Թարխանյանի ու Ս.Քալաշյանի հետ։
Ինչ է կատարվել այս տարիների ընթացքում՝ հրատարակված է։
Իմ հալածանքներին մասնակցում է նաև Կարեն Բալյանը, որին խորհուրդ եմ տալիս հասկանալ, որ չկա ազատ ձևի ճարտարապետություն, այլ կա լավ և վատ, իսկական, տեկտոնիկ և հնարովի, շինծուն, ոչ տեկտոնիկ, ինչպես Կամերային տունն է, որը ինքը չի հասկանում և չի տարբերում՝ չկարողանալով ենթարկել մասնագիտական վերլուծության, համարելով նրան և ուրիշ կառույցներ հնարած ազատ ձևի ճարտարապետություն, փոխարենը զբաղվում է սովետական բառախաղով։ Հարգանքներով, Վան Խաչատուր»:

Ինչ վերաբերում է այս դիմումին, ապա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ ստացել է այն, բայց ընթացք չի տվել.
«Դիմումն ի՞նչ ընթացք պետք է ունենա: Կնտեխցյան Սպարտակը վաղուց մահացել է, Հակոբյան Հովհաննեսը՝ նույնպես: Հիմա ինչ անել՝ այդ բոլորը վերհանել ու ասել, որ միակ հեղինակը Խաչատուրյան Վանի՞կն է:
Դրա վերաբերյալ միշտ ինչ-որ բաներ են արվում պարոն Խաչատուրյանի կողմից, բայց նման բան չկա: Միասին աշխատել են նախագծի վրա, բայց որևիցե մեկի հեղինակային իրավունքն այդտեղ չի խախտվել: Հովհաննես Հակոբյանը ստացել է նախագիծն ու արել այն. մենք գիտենք, որ երկուսն էլ աշխատել են դրա վրա: Այն արվել է «Երևաննախագծում» ու երկուսն էլ տեղյակ են եղել դրա մասին: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում», – ասաց Մինասյանը:
PanARMENIAN.Net-ը Վանիկ Խաչատուրյանի ներկայացրած այս պատմության մասին զրուցել է տեքստում մի քանի անգամ հիշատակվող ճարտարապետ Կարեն Բալյանի, ինչպես նաև «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանի հետ։ Նրանց մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև.
Կարեն Բալյան, ճարտարապետ
«Ճայի» հեղինակության վերաբերյալ աժիոտաժն անտեղին է։ «Չայկան» նախագծվել է 1960-ին «Երևաննախագիծ» ինստիտուտում։ Դրա հեղինակը Հովհաննես Հակոբյանն է, ինչի մասին վկայում է նախագծի վրայի ստորագրությունը։ Վանիկ Խաչատրյանը նշված է որպես նկարիչ (ինչը համապատասխանում է նրա մասնագիտությանը)։
Գուրգեն Մուշեղյան, ճարտարապետ, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն
Կա Հովհաննես Հակոբյանը, նրա գրքի մեջ էլ է գրված, որ հեղինակն ինքն է։ Միգուցե, Վանիկ Խաչատուրյանի հետ միասին են արել, բայց Հովհաննես Հակոբյանն այնտեղ 100 տոկոսով կա։ Թե նրանցից որն ինչքանով է մասնակցել՝ չեմ կարող ասել։ Վանիկ Խարատուրյանի ասածը, թե Հ.Հակոբյանն ինքն իրեն է վերագրել «Ճայի» հեղինակությունը, արդեն իրավական խնդիրներ է։ Բայց կարող եմ ասել, որ կան փաստաթղթեր, որոնց տակ կան իրավական նշումներ այն մասին, թե ով է եղել հեղինակը, ու որպես հեղինակ գրված է Հովհաննես Հակոբյանի անունը։ Իսկ եթե Խաչատուրյանը պնդում է, որ նման բան է եղել, ուրեմն թող ցույց տա փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ նախագծի հեղինակն ինքն է։ Եթե ունի վեճեր, ուրեմն պետք է տեղափոխել այլ հարթություն ու հիմնավորել փաստաթղթերով։






