Ապրիլի 26-ին ժամը 15.30-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բացման ելույթով հանդես կգան Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերտսը, Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, ասվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերությունը Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարել են ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, իսկ լավագույն երեք աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում գրախոսականի մրցույթը հայտարարվում է երկրորդ տարին շարունակ: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Այս տարի մարտի 6-ից-17-ը մասնակիցները գրել են փառատոնի ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ:
Այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, որոնցից ժյուրին առանձնացրել էր երեք լավագույններին: Մրցույթի առաջին մրցանակակիրն է «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով կպարգևատրվի Apple iPad 4-ով:
«Ես մասնագիտության բերումով տեղեկացված եմ, թե ինչ մրցույթներ կան, բայց ունեմ սկզբունք` այն է մասնակցել միայն հեղինակավոր մրցույթներին: Եթե որևէ մրցույթ կապ ունի Բրիտանական խորհրդի հետ, ապա վստահ եմ, որ այդ մրցույթի նշաձողը բարձր է և աշխատանքներն էլ քննում են մասնագիտական և անաչառ ժյուրին: Ես հպարտ եմ, որ մասնակցելով այս մրցույթին, արժանացել եմ գլխավոր մրցանակին: Հաճելի հույզեր ապրեցի տեղեկանալով այդ մասին»,-ասաց Գոհար Հակոբյանը:
Մրցույթի հատուկ մրցանակակրներ են Արփի Ոսկանյանն ու Արթուր Վարդիկյանը:






