Հայ-լեհական երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ տնտեսական ու քաղաքական ուղղություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Հայաստանի հետ համագործակցությունը, դեսպանի խոսքով, Լեհաստանը բավարար է գնահատում:
Բավարար են գնահատում նաև Հայաստանի-ԵՄ բանակցությունները: «Կարծում եմ, որ մինչև Վիլյնուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը` դրական արդյունքներ կարձանագրենք սոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Հուսով ենք, որ նախքան այդ գագաթաժողովը համաձայնությունն արդեն կստորագրվի: Նախորդ տարի այդ համաձայնությունը չստորագրվեց զուտ տեխնիկական խնդիրների պատճառով»,- նկատեց դեպսանը:
Նա նաև նշեց,որ Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրում առաջատար գործընկերներից մեկն է, իսկ Լեհաստանն ինտենսիվորեն աջակցել է, որպեսզի կովկասյան պետություններն ընդգրկվեն ծրագրում: «Այդ տեսակետից Հայաստանի ու Լեհաստանի շահերն համընկնում են»,- ասաց դեսպանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս օրերին Հայաստանում է գտնվում տնտեսական խորհրդի պատվիրակությունը, որը մասնակցելու է տնտեսական միջկառավարական 3-րդ համաժողովին: Զդիսլավ Ռաչինսկին հայտնեց, որ նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք թատրոնին, կինոյին ու երաժշտությանն են վերաբերելու:






