Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Աշոր Ղուլյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Կարել Կռատկին (Չեխիա) եւ Յուրգեն Շմիդտը (Գերմանիա) մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա ներկա իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել են «Առկա» գործակալությանը ԼՂՀ ԱԳՆ լրատվական-վերլուծական վարչությունում, հանդիպման ընթացքում նրանք ընդգծել են երկու կողմից էլ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հիմնականում, ադրբեջանական կողմի մեղքով, որը փորձում է բարելավել իր առաջավոր դիրքերը: