Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում դեսպանատան աշխատակիցներին ներկայացվել է ամռանը նախատեսվող տակտիկական թեմատիկ ուսումնավարժության ծրագիրը, որին ներգրավված կլինեն նաև Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել դեսպանատան աշխատակիցների հմտություններն ու փոխգործակցությունը Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև` ուժեղ երկրաշարժի դեպքում։ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ընդգծել է, որ ԱԻ նախարարությունը կարևորում է ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությունը և անվտանգության ապահովումը։
Ըստ նախնական սցենարի` Կոտայքի մարզում տեղի կունենա ուժեղ երկրաշարժ, որն ավերածություններ կառաջացնի նաև Երևանում: Ֆրանսիայի դեսպանը որոշում կկայացնի Հայաստանում գտնվող ֆրանսահպատակ քաղաքացիներին ինքնաթիռով տարհանել երկրից:
Հայտնելով իր գոհունակությունը` պատվիրակության անդամ Իզաբել Գիները նշել է. «Սա հիանալի նախաձեռնություն է։ Մենք շատ տպավորված ենք: Այդ ուսումնավարժությունը իսկապես կօգնի մեզ ավելի պատրաստ լինել երկրաշարժին»:
Ազդարարման և տարհանման ուղիների մանրամասները քննարկելուց հետո կողմերը պայմանավորվել են նույն կազմով կրկին հանդիպել մայիսին` առաջարկություների և ուսումնավարժության բոլոր կետերի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար: Հանդիպման վերջում դեսպանատան աշխատակիցներն այցելեցին ԱԻՆ ՃԿԿ` ծանոթանալու կենտրոնի աշխատանքին և կառուցվածքին:






