Ապրիլի 27-ին «Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթևի վանքի տարածքում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ»գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:
«Տաթևյան պրեմիերան» միջոցառումների շարք է, որն իրականացվում է «Տաթև» հիմնադրամի և «ՏաԹևեր» ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթևի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթև, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար:
«Տաթևյան պրեմիերայի» շրջանակներում վանական համալիրի և «Տաթևի դարպասներ» տուրիստական գոտու շրջակայքում նախատեսվում է ցուցադրել Հայաստանում հայազգի կինոմատոգրաֆիստների գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը: Հատուկ ծրագիր է նախատեսված Տաթևի շուրջ գտնվող գյուղերի պատանի բնակիչների համար:
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը «Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում իրականացվող փորձնական կինոդիտումն էր:
1921 թ. ապրիլի 27-ին Տաթևի վանքում տեղի ունեցավ Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որն անկախ Սյունիքը հռչակեց Լեռնահայաստան:
Միջոցառումը ուներ նաև չնախատեսված հյուր` աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը:
«Գորիսում վարպետության դաս էի անցկացնում, երբ տեղեկացա, որ Տաթևում միջոցառում է լինելու ու որոշեցի անպայման մասնակցել: Ֆիլմի մասին շատ եմ լսել, բայց այն չեմ դիտել` հիմա պատրաստվում եմ սյունեցիների հետ միասին մասնակցել դիտմանը: Հրաշալի տպավորություններ ստացա ճոպանուղուց` նման զգացում երբևիցե չեմ ունեցել», – ասաց Տիգրան Համասյանը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հյուրեր Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սերբիայից, Ռուսաստանից: Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, «Տաթևի վերածնունդ» նախագծի նախաձեռնողներից մեկը` գործարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:






