AM
29 Ապրիլ 2013 - 13:38 AMT

Ալկիս Ռաֆտիս. Հայկական պարը չափազանց լավն է ու գրավիչ, այն պետք է ճանաչելի դարձնել աշխարհին

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը: Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնն այդ առթիվ հյուրընկալել էր կարճատեւ այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-իՄիջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին:

Վերջինս ուրախությամբ նշեց, որ կրկնակի ուրախ է մասնագիտական տոնը նշել պարային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում. «Յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ պարատեսակը, որով հայտնի է ամբողջ աշխարհում. Իսպանիայում` ֆլամենկոն, Կուբայում` սալսան, Արգենիտնայում`տանգոն: Հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժողովրդական պարն ու հատկապես քոչարին այս առումով չեն զիջում դրանցից և ոչ մեկին: Ուրախ եմ և հաճելիորեն զարմացած, որ ազգագրական, ժողովրդական պարերից բացի հայը բարձր վարպետությամբ կատարում է նաև այլ ժողովուրդների պարեր», ասվում է մանկավարժական համալսարանի հաղորդագրության մեջ:

Պարագետն ընդգծեց`հայկական պարը չափազանց լավն է ու գրավիչ. այն անպայմանորեն պետք է ճանաչելի դարձնել աշխարհին. «Եկեք մեր երկիր, ներկայացրեք, տարածեք և նորաձև դարձրեք ձեր պարերը: Վստահ եմ` Հայաստանի, մասնավորապես, Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի հետ մեր համագործակցությունը նոր ընթացք կստանա»: Ի դեպ, Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը Պարարվեստի միության նախագահ, Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանին հանձնեց ամբիոնի` խորհրդին անդամակցելու հավաստագիր և տեղեկացրեց` 2014 թվականին նախատեսվող Պարի համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Երևանում:

Պարի միջազգային օրը Մանկավարժականում նշանավորվեց նաև ազգագրագետ, բանահավաք, հայ պարարվեստի մեծ երախտավոր Սրբուհի Լիսիցյանի`«Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը: Նա, շնորհավորելով պարարվեստի երախտավորներին և կարևորելով միջոցառման անցկացումը Մանկավարժականում, ընգծեց.«Պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանի գրքի շնորհանդեսն ու մի շարք կարևոր իրադարձությունները ևս մեկ անգամ մեզ հավաքեցին արդեն ձևավորված ավանդույթներ ունեցող Կուլտուրայի ֆակուլտետի հարկի ներքո: Պարը ազգի կերպարը, կենսակերպն ու զգացմունքերներն արտահայտող արվեստ է. վստահ եմ` ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս կատարվող ծավալուն աշխատանքները կնպաստեն ՀՀ-ում ազգային պարարավեստի զարգացմանը»: Հասմիկ Պողոսյանը Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին նվիրեց օրը խորհրդանշող հուշանվեր՝ պարուհու արձան:

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողներն ու «Բերդ» պարային համույթը ներկայացրին երկու նոր` Հայ արիներ և Խաղողօրհնություն պարային բեմադրությունները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ՝ 1982-ից սկսած ամեն տարի ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը: