Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը, ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, խիստ արդյունավետ էր: «Մենք շատ կիրթ քարոզչական մարտավարություն ընտրեցինք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ 12 քարոզչական թիմեր ամեն օր Երևանի բակերում հանդիպել են բնակիչների հետ, ներկայացրել ԲՀԿ ծրագիրը, լսել են մարդկանց մտահոգությունները: «Եթե շատ անկեղծ լինեմ, ես մեր քարոզարշավը գնահատում եմ ամենաարդյունավետը քաղաքական բոլոր ուժերի քարոզարշավներից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում 194 թեկնածու կա: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։






