AM
1 Մայիս 2013 - 08:12 AMT

Այսօր «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի 1-ին օրն է

Մայիսի 1-5-ը Երևանում, Հ.Մալյանի անվան թատրոնում կանցկացվի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։Երիտասարդ ստեղծագործողները փառատոնի շրջանակներում հնարավորություն կունենան պայքարելու հետևյալ անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար. լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն ֆիլմ, լավագույն մտահղացում, հանդիսատեսի համակրանք:

Լավագույն ֆիլմերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողին կորոշի հանդիսատեսը՝ փառատոնի կայք էջում համապատասխան քվեարկությամբ։

Կինոփառատոնին ներկայացված բազմաթիվ հայտերից կընտրվի և կցուցադրվի 25 աշխատանք։ Ֆիլմերը, որոնք կցուցադրվեն, բազմաժանր են։ «Հայացք» կինոփառատոնի նպատակն է երիտասարդությանը հնարավորություն ընձեռել կինոյի լեզվով ինքնաարտահայտվելու իրենց հուզող, հետաքրքրող, զարմացնող ու ոգևորող երևույթների ու գաղափարների մասին: Այն նաև հիանալի հնարավորություն է երիտասարդներին իրենց ստեղծագործությունները մեծ էկրանից հանդիսատեսին ներկայացնելու համար:

Մուտքն ազատ է: