AM
1 Մայիս 2013 - 08:35 AMT

Զ.Փոստանջյան. ՀՀ ներքին կյանքը շատ տեսանելի է Եվրոպայի համար և բոլորը լավ գիտեն, թե ինչ է կատարվում

Մայիսի 16-ից Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, և, ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի, այդ վեց ամսվա ընթացքում շատ անելիքներ կան Հայաստանի ներկա իրավիճակի հետ կապված:

Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանի ներքին կյանքը շատ տեսանելի է Եվրոպայի համար և բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։ «Այսօր Հայաստանը խորհրդային համակարգի անկումից հետո այդ փլատակների վրա ստեղծված մի խայտառակ համակարգ ունեցող պետական միավոր է: Շատ եմ ցավում, բայց պետք է ասեմ, որ եվրոպացին իմ պետության նկատմամբ այդպիսի տրամադրվածություն ունի: Եթե հիվանդին ասում ես, որ պետք է բուժվես և քո դեղորայքը սա է, դա, ես կարծում, եմ պարկեշտության նշան է, այլ ոչ թե խաբել ու ասել, թե դու հիվանդ չես, դու բուժման կարիք չունես և քեզ դեղորայք պետք չէ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի բնորոշմամբ` մենք ինքներս պետք է բուժենք մեզ, գտնենք մեր մեջ այդ ուժը և լուծենք մեր բոլոր խնդիրները։ Ոչ ոք չի գալու մեզ համար ազգային պետություն ստեղծի. «Մենք պիտի հասկանանք, որ անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական համակարգ»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի խնդիրների մասին հարցերը բարձրացնելը պարկեշտության նշան է:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին, որն անցկացվել է ապրիլի 22-26-ը, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ զեկույց կար Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ «Ես իմ անհամաձայնությունն էի հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին՝ նշելով, որ ընտրությունները կեղծված են եղել»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը: