1996թ-ից հետո Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա, մինչդեռ նորման 104-100 հարաբերակցությունն է՝ սեռով պայմանավորված երեխաների ծնվել-չծնվելու հարցը տարիների ընթացքում ոչ միայն չի լուծում, այլև շարունակում է ավելի մեծ խնդիր դառնալ: Այս մասին այսօր հայտարարվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ: Ուսումնասիրությունն իրականացվել է 2012-2013 թթ-ին՝ Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից:Իր հետազոտության մեջ փորձագետը մի առանձնահատկութուն էլ է նշել՝ ընտանիքում երրորդ երեխա ծնվելու դեպքում վերը նշված հարաբերակցությունն ավելի մտահոգիչ ցուցանիշ է բացահայտում ` 160 տղա 100 աղջկա դիմաց: Ուսումնասիրության տվալներով, եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060թ. կկորցնի մոտ 93.000 պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80.000-ով:
«Նորածինների սեռերի անհամամասնությունը խարսխված են տղա երեխայի գերապատվության վրա, դրանք էլ, իրենց հերթին, խարսխված են ավանդույթների վրա: Այսինքն կառավարությունը չի կարող ինչ-որ հրամանագրով լուծել խնդիրը, այլ արժեքային համակարգի»,- ասաց Ք.Գիլմոտոն ու ավելացրեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն խնդրի լրջությունը և ճիշտ արձագանքեն:
Նա նաև ընդգծեց, որ իրավիճակը տիպիկ է այն երկրների համար, որտեղ ժառանգությունն ու ազգանունը փոխանցվում է հայրական կողմով, իսկ երկրի աշխարհագրական դիրքը, զարգացվածության աստիճանն ամենաորոշիչ գործոնները չեն:






