AM
2 Մայիս 2013 - 11:14 AMT

ԵՊՀ-ում մեկնարկում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը

Երևանի պետական համալսարանը ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը, հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը:

Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված է դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան կարևոր է դառնում:

Ուստի ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:

Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ:

Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլ նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:

Մանրամասների համար գրել [email protected] էլ. հասցեին: