Մոնոներկայացումների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Կարծիքը դերասանուհի, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշել է, որ դրա մասին են վկայում լեփ-լեցուն դահլիճները: Իսկ այս տարի երիտասարդների մասնակցությունը «Արմմոնո» փառատոնին աննախադեպ էր:Փառատոնի տնօերն ամփոփել է այն, բայց չի առանձնացնել լավագույն ներկայացումները կամ որևէ մեկին` նշելով, որ փառատոնն իր համար պարզապես տոն է: «Մեր փառատոնին չկար անգամ ժյուրիի անձնակազմ և մրցանակներ, այլ կային ընդամենը նվերներ: Սրանով էլ փառատոնը տարբերվում էր: Այն սպորտ չէ, որտեղ լինի հստակ ժամանակահատված, թույլատերելի և անթույլատրելի արարքներ: Ես դեմ եմ ժյուրիին, ես դեմ եմ մրցանակներին, որովհետև արվեստը շատ սուբյեկտիվ է»,-ասել է Մ.Մխիթարյանը:
Այնուամենայնիվ նա չհերքեց, որ փառատոների ընթացքում միշտ էլ լինում են ինտրիգներ, բայց «Արմմոնոյի» դեպքում ինտրիգն այլ բնույթի ունի, որովհետև մրցանակն էլ այլ է` փառատոնի հյուրերը մասնակիցներին հրավիրում են այլ քաղաքներում, ներկայացումենրում խաղալու: «Մեր հյուրերն արդեն որոշել և հրավիրել են որոշ ներկայացումներ, սակայն այդ մասին առայժմ ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ չենք ստացել պաշտոնական հրավեր», – ասել է փառատոնի տնօրենը:
Փառատոնի ընթացքում ցուցադրվել է 22 ներկայացում Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից և Հայաստանից: Փառատոնի առանցքում լեհական ծրագիրն է եղել` նվիրված էր նաև Հայաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատմանը: Այս ծրագրով ցուցադրվել է 5 մոնոներկայացում, նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում անցկացվել են վարպետության դասընթացներ, գործնական պարապմունքներ ուսանողների համար:
Փառատոնին հանդես են եկել դերասաններ Լիտվայից, Վրաստանից, Ռուսաստանից: Փառատոնին ակտիվ մասնակցություն են ունեցել հայ դերասաններ` ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը, Լարիսա Ղևոնդյանը, Նոռա Բադալյանը, Անահիտ Մութաֆյանը, Երվանդ Ենգիբարյանը, Մարինե Խաչատրյանը, Նարինե Գրիգորյանը, Ֆրիդա Յորքը և այլք:
Առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում մոնոներկայացման ժանրում ներկայացել են իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները: Փառատոնը իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը` Երևանի քաղաքապետարանի, Մշակույթի նախարարության աջակցությամբ:
1-ին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:






