Հայկական ատոմային էներգակայանը կարելի է անվտանգ շահագործել էլի 14 տարի: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտարարել է Հայաստանի Պետատոմէներգահսկողության պետ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով` ՀԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է բոլոր չափանիշներին, սակայն, ինչպես եւ այդ սերնդի բոլոր կայանները, անընդհատ կատարելագործում է պահանջում: Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացման միջոցներ նախաձեռնվել են դեռեւս մինչեւ նրա վերաշահագործումը, միեւնույն ժամանակ կայանի կանգնեցման ժամկետները որոշված չեն: Նշենք, որ էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով Եվրամիության փորձագետները բազմիցս հանդես են եկել 2004 թվականին ՀԱԷԿ-ի փակման պահանջներով: Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ կայանը պետք է գործի այնքան ժամանակ, մինչեւ հանրապետությունը չապահովվի այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներով: