AM
4 Մայիս 2013 - 09:44 AMT

«Ստեղծագործական գյուղական երիտասարդական աշխատանք». Սեմինար 11 երկրների երիտասարդների մասնակցությամբ

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնած և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «Ստեղծագործական գյուղական երիտասարդական աշխատանք» (Creative rural youth work) խորագրով միջազգային սեմինարն այսօր ավարտվում է: Սեմինարին մասնակցում է 11 երկրներ ներկայացնող 28 երիտասարդ առաջնորդ և գյուղաբնակ երիտասարդ: Նպատակն է գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ներգրավել երիտասարդական-հասարակական աշխատանքներում` օգտագործելով նոր-ստեղծագործ մեթոդներ ու երիտասարդական կազմակերպությունների ներուժը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՅԵՈ քարտուղարությունից: Լատվիայից, Վրաստանից, Սլովենիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Խորվաթիայից, Չեխիայից և Ռումինայից ժամանած երիտասարդները ծրագրի 7 օրվա ընթացքում կարողացել են ոչ միայն ներկայացնել իրենց երկրներում վարվող պետական երիտասարդական քաղաքականությունը, այլև համատեղ նոր ծրագրեր են մշակել` գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդների համար:

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (World Armenian Youth Network – WostAYN) ստեղծվել է 2006 թ. Երևանում, ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ և այսօր միավորում է հայկական երիտասարդական 21 կազմակերպություն 15 երկրից: Կառույցի նպատակն է նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: