Այսօր՝ժամը 19 .00 – ին, «Յավուրյան» ստուդիան «Նարեկացի» արվեստի միությունում կներկայացնի «Քեսապ» վավերագրական ֆիլմաշարի պրեմիերան: Նախագիծն իրականացվել է Մխիթարյան միաբանության, ինչպես նաև Քեսապի և Հայաստանի հայ բարերարների աջակցությամբ: Այս մասին հայտնում են «Նարեկացի» արվեստի միություն հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Քեսապ» վավերագրական ֆիլմ – նախագծի մտահաղացման հեղինակներն են` Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, ռեժիսորը Նանե Բագրատունին է: Սցենարի հեղինակներն են Նանե Բագրատունին , Հայր Համազասպ Քեշիշյանը, օպերատորը` Լիպարիտ Ասատրյանը:
Շնորհանդեսին զուգահեռ կբացվի Անահիտ Գրիգորյանի «Հալեպյան մոտիվներ» խորագրով օֆորտային աշխատանքների և Լիպարիտ Ասատրյանի հետ համատեղ Քեսապում արված լուսանկարների ցուցահանդեսը:
Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին, Մուսա լեռան ծովային հարևանությամբ գտնվող Քեսապ բնակավայրում հայեր են բնակվում դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից: Այժմյան Սիրիայի մաս կազմող Քեսապում այսօր էլ շարունակում են բնակվել հայեր, որտեղ արաբ մանուկներն ու հայ մանուկները հայերեն «Առավոտ լուսո» են երգում, ուր ծնվել է երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսը, ուր եղեռն վերապրած Գալիլ Նենեն 102 տարի է ապրում ու պատմում է 1915թ.-ի իրադարձությունների` տեղահանությունների, գաղթի ու վերադարձի մասին: Ուր արաբ Նիզար Խալիլի անունով հրաշալի մի գիտնական Նարեկացի, Խորենացի, Մխիթար Հերացի է թարգմանել արաբերենով և մինչ օրս էլ շարունակում է թարգմանություններ անել և արաբերեն լեզվով ներկայացնել հայ մշակույթը:
Ֆիլմում նկարահանված քեսապցի երիտասարդ երաժիշտները` Հովակն ու Խաժակը բանակում էին, երբ պատերազմը սկսվեց: Մի քանի ամիս առաջ նրանք անհայտ կորել են:






