AM
7 Մայիս 2013 - 09:25 AMT

Ա.Մարտիրոսյան. Ավագանու մանդատները պետք է վերցնել և չխուսափել պատասխանատվությունից

«Բարև Երևան» դաշինքը Երևանի ավագանիում պետք է ներկայացնի ոչ միայն իր ընտրազանգվածին, այլև ողջ ընդդիմադիր ուժերին քվեարկողներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը և նկատեց, որ ինչպես 2007-ից հետո «Ժառանգությունն» էր ներկայացնում ընդդիմությանը խորհրդարանում, այնպես էլ այսօր դաշինքը պետք է ներկայացնի ընդդիմությանը ավագանիում:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Բարև Երևանին» հաջողվեց առանց կեղծիքի ավագանու անդամ դառնալ: «Դաշինքը հաջողության հասավ նաև հանձնաժողովի անդամների և վստահված անձանց շնորհիվ, որից քիչ թվով դժգոհություն կար»,- ասաց նա: Ընտրություններին ամբողջական գնահատական տալու համար, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, պետք է որոշ ժամանակ անցնի. «Իշխանությունն ազնիվ է այն առումով, որ ասում է` մենք սա ենք, պիտի ընտրակաշառք բաժանենք, թաղի խուժանին խառնենք: Ընդդիմությունն էլ է մեղավոր, քաղաքացին հիասթափվեց: Քաղաքացին տեսավ, որ շատ հաճախ ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ և պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին»:

Ինչ վերաբերում է ընտրակաշառք վերցնող քաղաքացուն, ապա, ըստ նրա, քաղաքացին մեղավոր չէ, աղքատությունը 70 տոկոսի է հասնում, հետևաբար չէր կարող չվերցնել ընտրակաշառքը: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենց էլ են փորձել կաշառել: «Ես չեմ ցանկանում բարձրաձայնել, թե ովքեր են նրանք, քանի որ ես քաղաքական գործիչ եմ, իսկ առաջարկը եղել է քաղաքական դաշտից: Եթե ես ասեմ, ապա իմ` իշխանության ինֆորմացիոն աղբյուրը կցամաքի»,- ասաց նա:

Դաշինքը դեռ չի քննարկել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, դա կանեն վերահաշվարկի գործընթացից հետո: «Իմ անձնական կարծիքով` ավագանու մանդատները պետք է վերցնել, և ինչպես խորհրդարանում մեզ հաջողվեց բազմաթիվ խնդիրներ լուծել, պետք է փորձել դա անել նաև ավագանիում: Մենք չպետք է խուսափենք պատասխանատվությունից»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ավագանիում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ապա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ԲՀԿ-ն պիտի որոշի, թե քաղաքական դաշտի որ հատվածում է, հետո կխոսեն ավագանիում համագործակցության կամ համատեղ աշխատանքի մասին: Ավելացնենք, որ «Բարև Երևանը» հարյուր ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում է ներկայացրել: