AM
13 Մայիս 2013 - 08:53 AMT

Ոստիկանները կընդլայնեն իրենց գիտելիքները տեղեկատվական անվտանգության ոլորտում

Մոտ երեսուն ոստիկանության ուսանողներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկեց 2013 թ. մայիսի 13-ին:

Ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի և տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաև ձեռք կբերեն համակարգչային և համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ :

Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների շրջանում պատկերացում ձևավորել կիբերհարձակումների եղանակների վերաբերյալ, ինչպես նաև ցանցերի, համակարգերի և տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքների մասին: Ծրագրի մասնակիցները կսովորեն տեղակայել և կարգավորել ցանցային և տվյալների անվտանգության ապահովման գործիքները, բացահայտել հարձակումները և դրանց գործարկման հնարավոր մեխանիզմներն ու հասկանալ հաքերների հարձակումների հոգեբանությունը և դրդապատճառները:

Դասընթացը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից Հայաստանի կիբերանվտանգության բարելավման աջակցության ջանքերի շրջանակներում, ասվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: