Բոլոր փառատոններն ուշ թե շուտ կարծրանում են, դառնում մի «թայֆի» սեփական դաշտ, որտեղ իրար են մրցանակներ տալիս: Կարծիքը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց նաև, որ փառատոնների բազմազանության մեջ ուսանողները գրեթե ներգրավված չեն: Իսկ այսօր մեկնարկող 1-ին հանրապետական երիտասարդական բաց փառատոնին` Art Fest –ին հենց ուսանողներն են մասնակցում: Եվ Արմեն Մազմանյանը փառատոնի գեղարվեստական խորհրդատուն է, ոչ թե ղեկավարը:«Այս անգամ որոշեցի չմիջամտել և ամեն ինչ երիտասարդներին թողնել: Նրանք արդեն փառատոն կազմակերպելու փորձ ունեն` տարիներ առաջ «Գիսանե» փառատոնն են նախաձեռնել, իսկ Art Fest-ը «Գիսանեի» վերախմբագրումն է», – ասաց նա ու ավելացրեց` փորձը ցույց է տվել, որ ամենահաջողվածը երիտասարդական փառատոններն են: Դրանք կենդանի են, անմիջական, իսկական ու, ժամանակակից բառերով ասած, ինտերակտիվ, այլընտրաքային, կրեատիվ:
«Ես չեմ հասկանում այն փառատոնների իմաստը, որ ժողովրդական արտիստների կռիվ են, թե, օրինակ, ով է տանելու «Արտավազդը», Արտեմիսը: Բայց, դրան հակառակ, «Ոսկե Ծիրանը» հանդիսատեսը սիրեց, որովհետև այն Հայաստանն աշխարհի համար բացեց և հակառակը: Կա փառատոն, որ պետք է ձեռքերի վրա տանել, կա` ուղղակի կա: Թող լինեն, դրանցից վնաս չկա», – ասաց Ա. Մազմազյանը` բացառելով, որ Art Fest-ը կդառնա հերթական, սովորական փառատոն կամ կկարծրանա:
Իսկ փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանը նկատեց, որ շատ է խոսվում այն մասին, թե թատրոնը մեռած է. «Եթե թատրոնը մեռած է, միայն փառատոնները կարող են վերակենդանացնել: Այնպես որ, որքան շատ, այնքան լավ»:
Այս փառատոնին մասնակցում են ոչ միայն ՀԹԿՊԻ-ի ուսանողները, այլև բոլոր մշակութային բուհերն ու մյուս բուհերի արվեստի-մշակույթի բաժիները: Ներկայանալու հնարավորություն ունեն նաև մյուս` արվեստի հետ չառնչվող մասնագիտություն ընտրած ուսանողները: Նրանք կարող են վերանայել իրենց ընտրությունը, իրենց փորձել կինոյի, թատրոնի ժանրում և ոչ միայն:
«Հիմա երիտասարդներն ինտերակտիվ շփումն են նախընտրում, ինչի հետևանքով տուժում է կենդանի հաղորդակցությունը: Մարդկային հարաբերությունների պակաս կա, իսկ փառատոնի ժամանակ տարբեր բուհերի ուսանողներ կհանդիպեն, կքննարկեն, կվիճեն ու արդյունքում նոր մտքեր, ներկայացումներ, ֆիլմեր ու ճշմարտությունը կծնվի», – ասաց Ա. Մազմանյանը:
Փառատոնի տնօերն Էրիկ Բարսեղյանի խոսքով փառատոնը տարեցտարի կմեծանա, կհաստատվի ու կկայանա` մնալով բաց: Իսկ նրա համար ամենաուրախալին այն է, որ. «Փառատոնին ակտիվ ներգրավված են մարզերը` Շիրակ, Լոռի, Գեղարքունիք: Ընդհանուր առմամբ արդեն 130 մասնակից է հայտարարագրվել: Առաջին անգամ անցկացվող փառատոնի համար լավ ցուցանիշ է»:
Art Fest-ում ժանրային ոչ մի սահմանափակում չկա: Ներկայացված են կինոն, թատրոնը, լուսանկարը, գեղանկարը, քանդակը, գրաֆիկան: Եվ բոլոր ներկայացումներին ու ցուցադրություններին կարող եք հետևել մինչև մայիսի 19-ը` ՀԹԿՊԻ ուսումնական թատրոնում, Նարեկացի արվեստի միությունում և Մ. Սարյանի անվան պուրակում (Վերնիսաժ):






