Փակ շուկայի պահպանության համար արդեն 2 տարի շարունակվող պայքարը ոչ մի արդյունք չտվեց: Կարծիքը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց, որ չի էլ հասկանում, թե ում դեմ են պայքարում, այն դեպքում, երբ պահպանության խնդիրը պետության գործն է։ «Լավագույն հուշարձաններից մեկը, որը քաղաքի դեմքն է, ոչնչացվում է, իսկ մեր պայքարը որևէ արդյունք չի տալիս, որովհետև չգիտեմ որտեղ է թաքնված գաղտնիքը», – ասել է նա:
Իսկ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանի համար անհասկանալի ոչինչ չկա` եթե դա աներ մի հասարակ քաղաքացի, նրան այսքանից հետո կարգելեին շարունակել, իսկ քանի որ սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է, աչք են փակում։
Մ. Մինասյանի նշել է, որ բոլոր պետական գերատեսչությունները՝ քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը, դատախազությունը, իրենց նամակներին պատասխանում են, թե սեփականատերն ասել է` կպահպանի նախկին տեսքը: Խախտումների վերաբերյալ էլ, Մինասյանի խոսքով, քաղաքապետարանը միամիտ պատճառաբանություններ է բերում, թե սեփականատիրոջը տուգանել են։
Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործով զբաղվող Կարո Այվազյանը հավատացնում է, որ նախարարության առջև դրված բոլոր պահանջներն իրականացվել են` բազմիցս գրություններով դիմել են սեփականատիրոջը՝ շինարարությունը դադարեցնելու պահանջով, նաև քաղաքապետարանն է պահանջել, անգամ դիմել ենք դատախազություն, բայց անօրինական շինարարությունն անընդհատ սկսվում է:
«Դատախազության տեղեկանքով Երևանում ընդամենը տասը տարում 29 պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել, իսկ իրականում այդ հուշարձանների թիվը 50-ից ավելի է։ Եթե այդպես պետք է աշխատի տիկին Հասմիկ Պողոսյանը, ապա ավելի լավ է այդպիսի նախարար չունենանք ու միգուցե մշակույթի նախարարությո՞ւն էլ չպետք է լինի»,- ասել է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահը։






