Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննիրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը գտնում է, որ սա ևս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որևէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը:
«Գործը հասել է նրան, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում:
Նույն վերաբերմունքին արժանացավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության` ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված «կլոր սեղանի» հայտարարությունը»,- ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Մշակույթի նախարարությունը հերթական հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր որ Փակ շուկայում ընթացող շինարարական աշխատանքներն ապօրինի են:






