Զոմբի` վերակենդանացած դիակ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այս բառով է բնութագրում վերագրանցվող Հայոց Համազգայի Շարժում կուսակցությունը: ՀՀՇ անդամներ Արարատ Զուրաբյանի, Կարապետ Ռուբինյանի, Հովհաննես Իգիթյանի և Ալեքսանդր Արզումանյանի նախաձեռնությամբ վերագրանցվող ՀՀՇ-ն, ըստ սոցիոլոգի, կնմանվի զոմբիի: «Ներկայիս սերունդը, ով գիտակցում է, թե այն տարիներին ՀՀՇ-ն ինչ սխալներ է թույլ տվել, երբեք չի ների այդ կուսակցությանը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Բացի այդ, նա չի կարծում, որ այդ դեմքերն ունենան ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խարիզման: «Որքան էլ Տեր-Պետրոսյանը լինի չսիրված, նա խարիզմատիկ գործիչ է: Իսկ մյուսները նրա շքախումբն են: Երբեք որևէ մեկը, որ առաջինն է լինում, իր կողքին չի ձևավորում մեկին, ով կկարողանա փոխարինել իրեն»- ասաց սոցիոլոգը:
Հիշեցնենք, որ նախօերին Հայոց Համազգային Շարժման անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանն ու Արարատ Զուրաբյանը հայտարարեցին, որ սկսել են կուսակցությունը վերագրանցելու գործընթաց և Արդարադատության նախարարություն դիմում են ներկայացրել:






