AM
29 January 2003 - 14:32 AMT

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Հայաստանի ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է «Ժառանգություն» նոր քաղաքական շարժման ստեղծման մասին: Նրա խոսքերով` կազմակերպությունը ակտիվորեն կմասնակցի Հայաստանի քաղաքական գործընթացներին: «Դա որակապես նոր ուժ է, ընդունակ ստեղծելու ուժեղ պետություն` հիմնված շարքային քաղաքացիների իրավունքների պաշտպանման վրա»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ մոտակա շաբաթվա ընթացքում կազմակերպությունը կհայտնի իր դիրքորոշման մասին Հայաստանի նախագահի պաշտոնի այս կամ այն թեկնածուին աջակցելու վերաբերյալ: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի պաշտոնին հավակնորդների թվում էր, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է նրան գրանցման հարցում, Հայաստանի քաղաքացիության անբավարար ժամկետի պատճառով: