AM
17 Մայիս 2013 - 07:15 AMT

«Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» 23-րդ համերգ-դասախոսությունն` այսօր

Այսօր, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից:

Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Կոմիտասի ժառանգությունը, որպես հայ ժողովրդի ինքնությունը բացահայտող հայոց պատմության յուրօրինակ սեղմագիր:

Նախագծի հեղինակն է «Կանթեղ» համույթի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի բնագավառում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան: Համերգային ծրագրին մասնակցում են «Կանթեղ» համույթի մենակատարներ Իշխան Հարությունյանը /սաքսոֆոն/ և Արփինե Կալինինան /դաշնամուր/:

Ծրագրում ներառված են Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի և դաշնամուրի համար, կոմիտասյան մեղեդիները՝ Արփինե Կալինինայի դաշնամուրային յուրովի մեկնաբանությամբ: Երաժշտական դադարների ընթացքում կներկայացվեն մեներգերի բանաստեղծականտեքստերի ընթերցումներ և դասախոսություններ: Միջոցառումը կայանում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: