Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան սրահ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից:«Պալացցո Կոպպինի» համալիրն ունի հարուստ գրադարան, թանգարան, ինչպես նաև ընդարձակ սրահներ հագեցած տեխնիկական բազայով՝ համապատասխան ուսումնական ծրագրեր իրականացնելու, ցուցահանդեսներ կազմակերպելու համար:
Ֆլորենցիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի հրավերով միջոցառմանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը:
«Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամն, ավելի քան 20 տարի է գործունեություն է ծավալում միջմշակութային երկխոսության բնագավառում, շուրջ 70 երկրի, այդ թվում՝ հայաստանյան 3 կազմակերպությունների հետ իրականացնելով բազմաթիվ համագործակցության ծրագրեր:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել քննարկում՝ «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության միջև հետագա ծրագրերի մշակման, իրականացման և համագործակցության շուրջ:
Հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության, մշակութային համագործակցության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի նախագահ պարոն Պաոլո Դել Բիանկոն պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:






