AM
17 Մայիս 2013 - 12:39 AMT

Դեսպան Օբոլենսկին ավարտել է առաքելությունը և խոստացել մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը

Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը:

Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) և Շվեյցարիայի Համադաշնության կողմից կազմակերպվող «Միջազգային հարաբերություններում կարողությունների ուժեղացում» («CABIR») ծրագրի շրջանակներում:

Դեսպան Օբոլենսկին ևս կարևորել է հայ-շվեյցարական համագործակցությունը, հաստատելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը ապահովելու ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփուխումների գործընթացում Շվեյցարիայի Համադաշնության աջակցության շարունակականությունը: Նա հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: