AM
18 Մայիս 2013 - 08:17 AMT

Արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանը նշում է Թանգարանների միջազգային օրը

Հայաստանն արդեն 7-րդ տարին է, ինչ միանում է Թանգարանների միջազգային օրվան և մայիսի 18-ին նշում է այդ օրը:

Առաջին անգամ այս ակցիային Հայաստանում միացել է 9 թանգարան, որոնք հիմնականում ներկայացրել են Երևանը: Արդեն այս տարի մասնակցում է Հայաստանի թանգարանների շուրջ 70 %-ը, թվով 88 թանգարան:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը, այս միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակության ուշադրություն դարձնել թանգարաններին:

« Ամեն տարի «Թանգարանների գիշերն» անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է միջազգային օրվա հետ: Սա կնպաստի հայ հասարակությանը ընկալել, որ թանգարանները պատկանում են նաև իրեն»,- ասաց Ավագյանը:

Ըստ Երևաի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Անուշ Տեր Մինասյանի, եթե 2011 թվականին այդ օրը թանգարաններ այցելեն են 107 հազար մարդ, ապա 2012-ին նրանց թիվը հասել է 135 հազարի. «Կարծում եմ, որ այս տարի թիվն ավելի կաճի»:

Նա նաև ընդգծեց, որ «Թանգարանների գիշերը» այցելուների մոտ կրում է ճանաչողական բնույթ. «Նրանք պատկերացում կազմելով` թանգարան են վերադառնում ավելի լավ ուսումանսիրելու համար»:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: